Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Երևանցիները քաղաքականապես հասունացել են»

«Երևանցիները քաղաքականապես հասունացել են»
07.04.2009 | 00:00

ԲԼԻՑՆԵՐ
«ՑԱՆԿԱՑԱԾ ԽՆԴԻՐ ԼՈՒԾՎՈՒՄ Է ԵՎ ԼԱՎ ԼՈՒԾՈՂ Է ՈՒՆԵՆՈՒՄ»

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցություն)
-Պարոն Բոստանջյան, այս պահին ինչպիսի՞ վիճակում է մեր տնտեսությունը։ Ֆինանսատնտեսական ճգնաժամը որքանո՞վ է ազդել նրա վրա։
-Ճգնաժամային իրավիճակն այսպիսին է. բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտներ` և՛ արտադրողներ, և՛ ծառայություն մատուցողներ, ոչ բարվոք, կարելի է ասել, ծանր վիճակում են: Վերջիններս նույնիսկ տրամադրված են կասեցնելու իրենց գործունեությունը։ Իսկ հետագայի առումով պետք է հուսալ, որ պայմանները կլավանան։ Փորձում եմ լավատես լինել։ Ինչ վերաբերում է ընդհանրապես տնտեսական շրջանառությանը, ապա դրա շրջանակի նեղացումը հանգեցնում է եկամուտների նվազեցման։ Գոյություն ունի խոցելի մի խավ, որը շատ մեծ դժվարություններ կունենա իր կարիքները բավարարելու առումով (նկատի ունեմ առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայությունը)։ Եկամուտների նվազումը հանգեցնում է նաև աշխատատեղերի կրճատման։ Որքան էլ փորձեմ մեղմ բառերով ներկայացնել իրական վիճակը, այնուամենայնիվ, հասկանալի է, որ այն, մեղմ ասած, բարվոք չէ։
-Որոշ փորձագետներ կանխատեսում են, որ ճգնաժամն իր պիկին կհասնի երրորդ եռամսյակում, իսկ չորրորդից կսկսվի բարելավում, կարձանագրվեն դրական տեղաշարժեր։ Համամի՞տ եք։
-Շատ կցանկանայի, որ այդպես լիներ, բայց լավատեսությունը պետք է ունենա անհրաժեշտ հիմքեր, իսկ դրանք դեռ չեմ նկատում այս մշուշի, խավարի առկայության պարագայում։ Իրավիճակի բարելավման նախադրյալներ են դիտվում այլ երկրներից կամ կազմակերպություններից ակնկալվող ֆինանսական միջոցները, ինչը, ինչպես ասում են, կփրկի Հայաստանը։
-Բայց միջոցները, կարծես, ուշանում են։
-Եթե չուշանան էլ, կարծում եմ, դրանց տրամադրումը վատ վիճակում գտնվողների վիճակը չի բարելավի: Այդ ֆինանսներն այս պահին շարունակում են մնալ թանկ միջոցներ, որոնց ձեռքբերումը ևս պրոբլեմ է` պարտավորությունների կատարման առումով։
-Կառավարության հակաճգնաժամային քայլերն ինչպե՞ս եք գնահատում։
-Հակաճգնաժամային քայլերի գործընթաց դեռևս չեմ տեսնում։
-Նախագահ-կուսակցապետեր հանդիպում-քննարկումն այս թեմայի շուրջ կարելի՞ է դիտարկել այդ քայլերից մեկը։ Նման ձևաչափով քննարկումները ելքեր կարո՞ղ են ուղենշել։
-Նման հանդիպումները, բնականաբար, արտացոլում են ստեղծված իրավիճակում առկա մտահոգությունները, սակայն ցանկացած խնդիր լուծվում է, երբ լավ լուծող է ունենում։
-«Լավ լուծող» չունե՞նք։
-Հարցի պատասխանը չունեմ, քանի որ «ոչ» ասելու հիմքեր էլ չկան։
«ԻՆՉՔԱ՞Ն ԿԱՐԵԼԻ Է ԿՈՏՈՇՆԵՐԸ ՍՐԵԼ»
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ (ԱԺ «Ժառանգություն» խմբակցություն)
-Կրկին Եվրախորհուրդը գնահատում է Հայաստանի առջև դրված պարտավորությունների կատարման ընթացքը։ Որքանո՞վ են ՀՀ իշխանություններն այդ բանաձևերից բխող պահանջներն իրականացրել։
-Ամեն անգամ Եվրախորհրդի նստաշրջանի մեկնարկից առաջ ցավով արձանագրում ենք, որ իշխանությունները չեն կատարել բանաձևերի պահանջները։ Մասնավորապես, քաղբանտարկյալները դեռ բանտերում են, քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածների փոփոխությունները, թվում էր, որոշ մարդկանց վրա կազդեին, սակայն այդպես չեղավ։ Թղթի վրա շատ բաներ կարող են գրել, բայց իրականությունն այլ է։ Բառերով տարբեր լավ-լավ մտքեր են հայտնում, բայց խոսքի ու գործի միջև վիհ կա։
-Իշխանության ներկայացուցիչներն այլ կերպ են իրականությունը ներկայացնում, ընդգծելով, որ ԵԽԽՎ-ի պահանջները կատարել են ու կատարում են։ Ավելին, կարծում են, որ այս ամենը զուտ Հայաստանի ներքին խնդիրն է։
-Իհարկե, դա մեր ներքին խնդիրն է, և Եվրոպայի համար չէ, որ որևէ բան պետք է արվի։ Բայց մեր ներքին խնդիրների լուծումը կապված է իշխանությունների` քաղաքական կամք դրսևորելու հետ։ Մյուս խնդիրը կապված է հանրահավաքների արտոնման հետ։ Վերջին չարտոնված հանրահավաքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մեր քաղաքացիները շատ օրինապահ են, թույլ չեն տալիս որևէ անօրինական գործողություն։ Նորմալ պետության մեջ այս երևույթը կլիներ իշխանությունների ֆիասկոն։ Կարծում եմ, որ հաջորդ հանրահավաքն էլ չեն արտոնի։ Զարմանալի է, սա ի՞նչ քաղաքականություն է, կառավարման ի՞նչ ձև է, ի՞նչ անուն ունի։ Ո՛չ ավտորիտար է, ո՛չ ժողովրդավար։ Մի անհայտ կերպ ունեցող կառավարման ձև է, որը հարգանք չի ներշնչում։ Ինչքա՞ն կարելի է կոտոշները սրած ասել` ոչ։ Օրինակ, զարմանում եմ հենց ՀՀ գլխավոր դատախազի վրա, ով պետք է առաջինն իր քայլերով արձագանքեր 225 և 300 հոդվածների փոփոխությանը։ Փաստորեն, նա ՀՀ նախագահի հանձնարարականների հակառակն է անում։ Այսպես եմ հասկանում, երբ լսում եմ հանրապետության նախագահի խոսքը։ Լինելով ԱԺ-ի ներկայացուցիչ, այստեղ էլ նկատում եմ, որ որոշ ուժերի կողմից սաբոտաժ է: Սա չի բխում ոչ մեկի շահերից` ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության, ո՛չ էլ ժողովրդի։
-Այս անգամ Եվրախորհրդի պատվիրակության կազմում կրկին Րաֆֆի Հովհաննիսյանն է։ Ինչո՞վ է պայմանավորված նրա «վերադարձը»։
-Կարծում եմ` նա լուրջ ասելիք ունի Վալենսիայում։
-Արտախորհրդարանական ընդդիմությունը հուսով է, որ նա օբյեկտիվորեն կներկայացնի Հայաստանում տիրող իրավիճակը։
-Ճիշտ են անում, որ հույսեր են կապում, քանի որ մեր իրականությունն այնտեղ ներկայացնելու է հենց Րաֆֆի Հովհաննիսյանը։
-Այս անգա՞մ էլ նույն դիլեմայի առաջ կկանգնենք` զրկել-չզրկել պատվիրակությանը ձայնի իրավունքից։
-Դա չէ կարևորը։ Մեր կուսակցության համար շատ ավելի կարևոր է, թե ինչու ԵԽԽՎ-ի պահանջները չեն կատարվել։ Առավել կարևոր է նաև, թե մեր պաշտոնյաներից յուրաքանչյուրն ինչ շահերի պաշտպան է։ Կան շատ պաշտոնյաներ, ովքեր ցանկանում են միայն իրենց աթոռը պահել, իսկ թե ի՞նչ կլինի, նրանց քիչ է հետաքրքրում։ Հիմա հասարակությունը շատ լավ գիտի, թե որ պաշտոնյան ինչ խնդիր է լուծում։
«ԵՐԵՎԱՆԻՆ ՆՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԾԱՂԻԿ»
ԱՐԾՐՈՒՆԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ (ԱԺ ՕԵԿ խմբակցություն)

-Քաղաքային ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ցուցակները գլխավորում են տղամարդիկ, միայն ՕԵԿ-ն է կին թեկնածուով մասնակցելու ընտրությանը։ Ի՞նչ եք կարծում, հայ հասարակության համար կին քաղաքապետն ընկալելի՞ կլինի։
-Մենք քայլ ենք արել, որը, կարծում եմ, մեր հասարակությունը կընդունի ըմբռնումով։ Այո, կինը ևս կարող է լինել քաղաքապետ։ Համայն հայոց մայրաքաղաքի քաղաքապետ։ Իսկ տիկին Բիշարյանն իր ապրած կյանքով, իր գործունեությամբ ապացուցել է, որ ինքը կարող է լինել լիարժեք քաղաքապետ։ Վստահ ենք, որ այս ամենն իր դերն ունենալու է։
Զրույցին ներկա ՕԵԿ-ական Ստեփան Ասլանյանն էլ հումորով հավելեց. «Մեր հայ տղամարդիկ սեղանի շուրջ նստելուց իրենց ջենթլմենի պես են պահում ու խմում են ծաղիկների կենացը, այսինքն` կանանց որպես ծաղիկ են դիտում։ Այնպես որ, մենք Երևանին նվիրում ենք ծաղիկ և կփորձենք իմանալ, թե քանի՞ ջենթլմեն կա Երևանում»։
-Կին թեկնածուի հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում։
-Բոլորի շանսերն էլ հավասար են, քանի որ ընտրությունների արդյունքները ոչ մեկը չի կարող կանխատեսել։ Բոլորի համար էլ հետաքրքիր է, թե ինչպես է երևանցին մոտենում մեր առաջադրած թեկնածուին։
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ մինչև մայիսի 31-ը կոալիցիա կազմվի, և այդ ձևաչափով մասնակցեք ընտրությանը։
-Ո՛չ, քաղաքական որոշում է կայացված, և կոալիցիոն ուժերս առանձին ենք մասնակցելու ընտրությանը։ Գնալու ենք առանձին` մեր մոտեցումներով, կարգախոսով, քարոզարշավով։ Կցանկանայի, որ բոլորն էլ խոսեին, թե հանուն ինչի են գնում այս ընտրությանը, որից հետո ընտրողը կկատարի իր ընտրությունը։
-Ձեր մրցակիցն ընդդիմությունո՞ւմ է, թե՞ կոալիցիայում։
-Մեզ համար բոլորն էլ մրցակիցներ են։ Ճիշտ է, գործընթացը քաղաքական է, բայց արդյունքում գործադիր իշխանություն է ձևավորվում։ Մենք ոչ թե ինչ-որ բանի դեմ ենք գնում, այլ հանուն լավ, գեղեցիկ, իրավական, հավատ ներշնչող Երևանի։
-Քանի՞ տոկոս կհավաքի ՕԵԿ-ը։
-Ոչ մի տոկոսի մասին չի կարող խոսք լինել։ Սա այն ընտրությունն է, որն անկանխատեսելի է լինելու։ Երևանցիներն արդեն քաղաքականապես հասունացել են, բոլոր թեկնածուներին ճանաչում են, իսկ թեկնածուներն էլ այդքան շատ չեն ու կարող են լիարժեք կողմնորոշվել` ով է ճիշտ, ում ասածին կարելի է հավատալ, ում վստահել Երևանի հետագա կառավարումը։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2578

Մեկնաբանություններ